Մադրիդի «Ռեալը» և Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդներ են հեղինակել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում (տեսանյութ)
Sport-express.ru-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ երկու անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի (ՉԼ) ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչում՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղում: Կրիշտիանուն ՉԼ ընթացիկ մրցաշրջանում իր հաշվին գրանցեց 15-րդ ու 16-րդ գոլերը:
Դա բացարձակ ռեկորդ է ՉԼ-ի համար. մինչ երեկվա հանդիպումը Ռոնալդուն ռեկորդային ցուցանիշը կիսում էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով ՉԼ 2011/12 մրցաշրջանում խփել է 14 գոլ: Տուգանային հարվածով Ռոնալդուի երեկվա վերջին գոլը դարձավ «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում նրա 250-րդ գոլը:
Պորտուգալացու միջին արդյունավետությունը գերազանցում է մեկ խաղում մեկ գոլը (միջինը՝ 1,02): Ռոնալդուն«Ռեալի» կազմում 250 գոլի հեղինակ է դարձել 243 խաղում: Համեմատության համար՝ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 292 խաղում դարձել է 118 գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» հիանալի ու արդյունավետ խաղը հանգեցրել է ռեկորդային ևս մեկ ցուցանիշի գրանցմանը: ՉԼ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» արդեն իսկ խփել է 37 գոլ: 35 գոլանոց նախորդ ռեկորդները պատկանում են Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Բարսելոնային» ու Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Ռեալին»:
«Ռեալը» 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ և մրցելու է այսօր Լոնդոնում կայանալիք «Չելսի-Ատլետիկո» մրցավեճի հաղթողի հետ: Այդ թիմերի առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ հաշիվ: Եզրափակիչ հանդիպումն անցկացվելու է մայիսի 24-ին, Լիսաբոնում: