Սաուդյան Արաբիան պետք է սկսի պայքարել ահաբեկչության դեմ. Հասան Ռոուհանի
Իրանական IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է հասկանա, որ տարածաշրջանի խնդիրները կարելի է լուծել ահաբեկչության դեմ պայքարին աջակցելով:
Ռոուհանին հավելել է, որ եթե Սաուդյան Արաբիան ակտիվ պայքար սկսի ահաբեկչության դեմ, ապա դա կնպաստի Իրանի ու այդ երկրի միջև հարաբերությունների բարելավմանը:
Անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններին՝ Ռոուհանին հայտարարել է, որ երկու երկրների միջև խնդիրներն անհնար է լուծել կարճ ժամանակահատվածում.
«Ես կարծում եմ, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք այն երկրների հետ խնդիրների լուծման ուղղությամբ, որոնց հետ Իրանն ունի լարված հարաբերություններ: Աշխարհի երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատելն առաջնահերթ է Իրանի կառավարության համար:
Երկրի դեմ սահմանված պատժամիջոցները մեծ վնաս են պատճառում Իրանի տնտեսությանն ու միջազգային հանրությանը: Հուսով եմ, որ միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագիր ստորագրելուց հետո կվերացվեն Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»: