Սերժ Սարգսյանը ստորագրել է ամառային զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիրը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 29-ին, ստորագրել է ամառային զորակոչ եւ զորացրում անցկացնելու հրամանագիրը:
Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
ՀՀ Նախագահի աշխատակազմ