«Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի ազատամարտիկների հետ». Ռուստամ Գասպարյան. «Ժողովուրդ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում անդրադառնալով իրենց կողմից ստեղծվելիք ազատամարտիկներին միավորող նորաստեղծ կառույցին՝ հայտարարեց, թե դրանում ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր ԵԿՄ-ի հետ կապ չեն ունեցել։

–Պարոն Գասպարյան, հայտարարվեց, որ Դուք և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը որոշել եք ԵԿՄ– ի նման մի կառույց ստեղծել, որում ընդգրկված կլինեն միայն ազատամարտիկները։ Կառույցի կազմավորման աշխատանքներն ինչ փուլում են գտնվում։ Տեսակետ կա, որ այս կառույցը ստեղծվում Է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ։

-Գագիկ Ծառուկյանի հետ մի կապեք այդ կառույցը, խնդրում եմ։ Հազար անգամ ասել եմ՝ Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի ազատամարտիկների հետ։ Ստեղծում ենք կազմակերպություն մեր ազատամարտիկներից, որոնք ԵԿՄ-ի մեջ չեն, որոնք այսօր կարիքներ ունեն, որոնց էսօր տեր կանգնել է պետք, իրոք անտեր վիճակում են։ Ստեղծում ենք կազմակերպություն, որ կարողանանք այդ տղաներին հավաքել իրար գլխի ու ինչ-որ չափով հոգալ իրենց հոգսերը։

–Եթե Գ. Ծառուկյանը որևէ կապ չունի, այդ դեպքում ովքե՞ր են գլխավորելու կառույցը, ո՞վ է այդ ամենի նախաձեռնողը։

-Ջոկատների հրամանատար կազմով հավաքվել ենք ու որոշել, որ այդ տղաները պետք Է ունենան օգնություն, պետք է կարողանանք այդ տղաներին ինչ-որ չափով օգնել։ Մենք ղեկավար կազմ չունենք, այս կառույցը նաև նախագահ չի ունենալու, ստեղծվելու է վարչություն ու վարչությունն էլ ղեկավարելու է։ Իսկ արդեն վարչության կազմում լինելու են հրամանատարները, որոնց հետևից ազատամարտիկները ժամանակին գնացել են։

–Իսկ ովքե՞ր են ընդգրկված վարչության կազմում։

–Կլինի՝ կիմանաք։ Շատերն են ընդգրկվել։

–Արդեն քանի՞ հոգի են անդամագրվել Ձեր նորաստեղծ կառույցին։

-Ես հիմա հոգին չեմ կարող ասել, բայց ահագին մարդիկ ընդգրկվել են, ովքեր ի սկզբանե ԵԿՄ-ի մեջ էլ չեն եղել։ Շուտով կլինի՝ կիմանաք, էլի, մեկը ես եմ, Ռուբեն Գևորգյանն է, ավելի շատը հրամանատարներ են։

-Ձեր կողմից ստեղծվելիք կառույցը ինչով է տարբերվելու ԵԿՄ-ից, տեսակետ կա, որ գրեթե նույնպիսի կառույց եք ցանկանում ստեղծել։

-Խնդրում եմ այս կառույցը մի կապեք ԵԿՄ-ի հետ… ես անձամբ ԵԿՄ վարչության անդամ եմ եղել, տարիներ շարունակ։ ԵԿՄ-ն մեր անցած ուղին է, մեր ճանապարհն է, մեր կյանքն է, մեր կենսագրությունն է։ Այս կառույցը համարյա նույն կառույցի նման մի բան է դառնալու, որը զբաղվելու է տղաների սոցիալական և այլ խնդիրներով։

– Եթե, ինչպես հավաստիացնում եք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի նոր ստեղծվելիք կառույցի հետ, այդ դեպքում, ովքե՞ր են հովանավորելու Ձեր կառույցը, որպեսզի կարողանանք օգնել սոցիալապես անապահով ազատամարտիկներին։

-Հովանավորներ կճարվեն, իհարկե, և արտերկրից մեր գործարար ընկերները կօգնեն…միգուցե ևաև պարոն Ծառուկյանին խնդրենք։

Այսօր Գագիկ Ծառուկյանը հովանավորում է տարբեր կազմակերպությունների, տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսության, սպորտի, բոլոր բնագավառներում։ Այսինքն՝ նաև այն մարդիկ, ովքեր սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, իրենց ևս պարոն Ծառուկյանը հովանավորում Է։

Տղաները փողոցում են ինչի՞ համար, սոցիալական ծանր վիճակի, տղաներ, ովքեր պատերազմ են անցել, տվել են և՛ կյանք, և՛ առողջություն, և՛ իրենց ունեցվածքը, անգամ մարդիկ եղան, ովքեր իրենց տները ծախեցին ու զինամթերք գնեցին, բայց այսօր փողոցում են մնացել։ Այդ մարդիկ հայրենիքի համար կռվել են ու կորցրել են ամեն ինչ ու իրենք այսօր խնդիրներ ունեն ու ակնկալում են օգնություն։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս