
Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում գործող զինյալներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարված են հասցրել հարևան Սիրիայի տարածքում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Այս մասին հայտարարել է Իրաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչ, գեներալ Սաադ Մաանը: Նրա խոսքերով` զինյալները պլանավորել էին 8 բենզինատարով վառելանյութ տեղափոխել Սիրիային սահմանակից իրաքյան Անբար նահանգ, ուր նույնպես լայնորեն գործում է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը:
8 բենզինատարներից բաղկացած շարասյանն ավիահարվածը հասցվել է վաղ առավոտյան, Սիրիայի Աբու Քեմալ քաղաքում` սահմանը հատելու փորձ կատարելիս: Ավիահարվածի հետևանքների մասին Մաանը ոչինչ չի հայտնել:
Միևնույն ժամանակ սիրիական բանակը հարձակողական գործողություններ է սկսել Լաթաքիայից դեպի հյուսիս ընկած շրջաններում, որոնք սահմանակից են Թուրքիային և որոնց ամիսներ առաջ գրավել են «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների զինյալները:
Տվյալ գործողություններին մասնակցում են նաև Սիրիայի ռազմածովային ուժերը, հաջողությամբ իրականացվել է ծովային դեսանտի ափհանում: Մարտեր են ընթանում նաև Քեսաբ քաղաքի մատույցներում: