Իրանը ցանկանում է իր երկաթուղին Ադրբեջանի տարածքով միացնել Վրաստանի երկաթուղու հետ. Ռոուհանի
Իրանական İRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր հանդիպել է Իրանում Վրաստանի նորանշանակ դեսպան Իոսիֆ Չակաշվիլիի հետ, ով նախագահին է հանձնել իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ Ռոուհանին ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Բացի այդ, Ռոուհանին տարածաշրջանի համար կարևորել է Ադրբեջանի տարածքով Իրանի ու Վրաստանի երկաթուղիների միացումը. «Իրանը վճռականորեն է տրամադրված, որ իր երկաթուղին Ադրբեջանի միջոցով միացնի Վրաստանի երկաթուղուն: Իրանի համար հատկապես կարևոր է վրացական Բաթում նավահանգստի միջոցով Սև ծով դուրս գալը: Իրանը շահագրգռված է հարևան երկրների և հատկապես Վրաստանի հետ իր կապերի զարգացմամբ»:
Ավելի վաղ Իրանի պաշտոնատար անձինք պլանավորել էին, որ Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին կկառուցվի մինչև 2014 թվականի մարտը: Սակայն երկաթուղու երթուղին ստացվեց բարդ, այն իրենում ներառում է 22 թունել ու 15 հատուկ կամուրջ: Ներկա դրությամբ ավարտված է 15 թունելի կառուցման աշխատանքների 70 տոկոսը: