
Թուրքիան Բոսֆորի նեղուցի հատակով կառուցելու է եվրասիական ավտոմոբիլային թունել

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պլանավորել են Բոսֆորի նեղուցի հատակով կառուցել ավտոմոբիլային նոր թունել, որը միմյանց կկապի Ստամբուլի երկու (ասիական ու եվրոպական) հատվածները: Նախագիծը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար:
Իշխանությունները կարգադրել են առավելագույն կերպ արագացնել այդ թունելի կառուցման աշխատանքները, որպեսզի այն շահագործման հանձնվի 2015 թվականի գարնանը: Եվրասիական ավտոմոբիլային թունելն ունենալու է 5 կիլոմետր երկարություն և միմյանց է կապելու Ստամբուլի ասիական մասում գտնվող Քադըքյոյ և եվրոպական մասում գտնվող Ենիքափը շրջանները:
Ներկայումս ավտոմեքենայով այդ ճանապարհի հաղթահարումը տևում է 40 րոպեից մինչև մեկուկես ժամ, մինչդեռ ավտոմոբիլային թունելի առկայության դեպքում դա կկազմի մոտ 15 րոպե: Այդ թունելը գտնվելու է դարձյալ Բոսֆորի հատակով անցնող և նախորդ տարվա աշնանը շահագործման հանձնված «Մարմարա» երկաթուղային թունելից դեպի հարավ:
Ընդգծվում է, որ ավտոմոբիլայաին թունելի կառուցման բոլոր ծախսերն իրենց վրա են վերցրել մասնավոր ընկերությունները: Թունելով անցնելը լինելու է վճարովի: