
Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումների վերաբերյալ. Այո՛, մենք ունենք տարբերություն

Այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներին, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանից լրագրողները հետաքրքրվեցին, քանի որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ նշանակո՞ւմ է, որ չնայած նախկին սերտ համագործակցությանը՝ այսօր այդ առթիվ հակասություն կա ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև:
«ՀՅԴ-ն առաջնորդվում է սեփական սկզբունքներով: Հարյուր անգամ նեզ ասել են, որ դուք Ռոբերտ Քոչարյանի համար եք դաշտ ապահովում, էս եք անում, էն եք անում: Մենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք: Մենք իսկապես համոզումով ասում ենք, թե երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը որն է: Եվ ով որ համապատասխանում է մեր ասածներին՝ նրա հետ կարող ենք շատ սերտ համագործակցել: Մենք չենք ընդունում այն հաստատումը, որ ասում են՝ սահմանադրական փոփոխությունները պետք է հետաձգել: Չենք ընդունում, մենք սրան դեմ ենք: Եթե հիմա Ռոբերտ Քոչարյանն այդ տեսակետին է, ուրեմն, այո, մենք այստեղ ունենք տարբերություն: Եվ ունենալու ենք տարբերություն բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում այս 7 կետերի բովանդակային առումով անհրաժեշտությունը՝ իրավիճակը կտրուկ փոխելու բանաձև»: