
Դատարանն ԱՄՆ-ի իշխանություններին պարտադրել է գաղտնազերծել անօդաչու թռչող սարքերով հարձակումների տվյալները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի Վերաքննիչ դատարանն ԱՄՆ-ի արդարդատության նախարարությանը պարտադրել է հրապարակել ավելի վաղ գաղտնիացված փաստաթղթերը, որոնցում բացատրվում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը՝ արտասահմանում գտնվող ու ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող ենթադրյալ ահաբեկիչներին վերացնելու համար:
Տվալ գործով դատավարությունը մեկնարկել է դեռևս 2011 թվականին, երբ Եմենում ամերիկյան ԱԹՍ-երի ավիահարվածի արդյունքում սպանվել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից Անվար Ալ-Ավլաքին, ով ուներ ամերիկյան քաղաքացիություն:
Ավելի ուշ նույն եղանակով սպանվել էր նրա որդին, ով նույնպես ուներ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Մի շարք իրավաբաններ ու իրավապաշտպաններ կարծում են, որ արտասահմանում՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս ընկած տարածքում, ամերիկացիների սպանությունն ապօրինի է:
Դրա համար էլ ամերիկյան The New York Times թերթը և Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը դիմել էին դատարան՝ պահանջելով, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն իրենց ներկայացնի այն բոլոր փաստաթղթերը, որոնցում պարզաբանում է տրվում, թե իրավական ինչ նորմերով է առաջնորդվել վարչակազմը, երբ հրահանգել է ԱԹՍ-երի օգնությամբ ոչնչացնել ալ-Ավլաքիին ու ԱՄՆ-ի այլ քաղաքացիների: