Միրկադիրովը 2008թ-ի ապրիլից համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ. Ադրբեջանի Գլխավոր դատախազություն
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման հետ:
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կան հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի քաղաքացի Ռաուֆ Միրկադիրովը վնաս է պատճառել Ադրբեջանի ինքնիշխանությանը, պետական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու պաշտպանունակությանը:
Ադրբեջանի Գլխավոր դատախազության տվյալներով՝ Միրկադիրովը 2008 թվականի ապրիլից սկսել է գաղտնի համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, որի աշխատակիցների հետ նա քանիցս հանդիպել է Հայաստանում, Վրաստանում ու Թուրքիայում՝ փոխանցելով երկրի հասարակա-քաղաքական, ռազմական իրավիճակին առնչվող տեղեկություններ, այդ թվում նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, լուսանկարներ, սխեմաներ:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն): Միրկադիրովին Ադրբեջանում ձերբակալել են ապրիլի 19-ին, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: