Բաժիններ՝

Էրդողանի նախագահ դառնալու դեպքում Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է գլխավորել Մեհմեթ Ալի Շահինը

T24-ի փոխանցմամբ՝ եթե Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղթի օգոստոսի 10-ին երկրում նշանակված նախագահական ընտրություններում, ապա ԱԶԿ-ի շարքերում կա 4 անուն, որոնք կարող են դառնալ երկրի վարչապետ՝ փոխարինելով Էրդողանին:

Այս մասին հայտարարել է ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը, ով թվարկել է այդ անունները՝ Բյուլենթ Արընչ, Ալի Բաբաջան, Բեշիր Աթալայ և Էմրուլլահ Իշլեր: Շահինը հույս է հայտնել, որ երկրի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կփոխի քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը և կգլխավորի ԱԶԿ-ը.

«Մենք շատ կցանկանայինք, որ ԱԶԿ-ի առաջնորդ ու Թուրքիայի վարչապետ դառնար ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը, սակայն նա հայտարարել է, որ չունի քաղաքական պլաններ: Կարծում եմ, որ նա դեռ կարող է փոխել իր կարծիքը՝ ի պատասխան ԱԶԿ-ի 9 միլիոն կողմնակիցների խնդրանքի»:

Միևնույն ժամանակ չի բացառվում է, որ նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում ԱԶԿ-ը գլխավորի հենց Մեհմեթ Ալի Շահինը:

Հիշեցնենք, որ Էրդողանն ԱԶԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել է (վերջին անգամ ընտրվել է) 2012 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի մեծ համագումարում, որին ներկա 1489 մասնակիցներից քվեարկությանը մասնակցել էր 1424-ը: Այդ 1424 անձանցից 1421-ն իր քվեն տվել էր Էրդողանի օգտին: Մնացյալ երեք ձայնն անվավեր էր ճանաչվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս