Ադրբեջանի պաշտպանության նախարարն ապրիլի 23-ին մեկնելու է Թուրքիա
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 23-ին մեկնելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Այցի նպատակը Դարդանելի ճակատամարտում (1915 թվական) Օսմանյան կայսրության կողմից (Գերմանիայի աջակցությամբ) անգլո-ֆրանսիական ռազմածովային ու ցամաքային ուժերին պարտության մատնելու 99-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին մասնակցելն է:
Հասանովի թուրքական այցը տևելու է մինչև ապրիլի 25-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, որի ադրբեջանական այցը տևեց մինչև ապրիլի 4-ը: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն իր հերթին պլանավորել է այս տարվա մայիսի 14-15-ին այցելել Նախիջևան: