ԲՀԿ-ն մտնում է կոալիցիա՞

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է իրագործել նույն սցենարը, որն արդեն մեկ անգամ իրականացրել է 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչպես հայտնի է, այդ ընտրություններից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մտնի կոալիցիա, բայց Ծառուկյանը կառավարությունում ունեցավ իր մարդուն՝ հանձին ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի, ում նշանակեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Ռոստոմյանն իբրև թե դուրս եկավ ԲՀԿ-ից, որպեսզի չստացվի, որ կառավարությունում ԲՀԿ-ական նախարար կա, բայց իրականում շարունակեց մնալ ակտիվ ԲՀԿ-ական: Այնքան ակտիվ, որ հրապարակայնորեն ներգրավված էր Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպող ԲՀԿ թիմի մեջ:

Երբ 2013թ. մայիսի 8-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, Հրաչյա Ռոստոմյանը վերադարձավ ՀԱՕԿ քարտուղարի իր պաշտոնին և հարազատ կուսակցության շարքերը: Բոլորի համար պարզ էր, որ Ռոստոմյանին նախարարություն գործուղել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և գործուղման ժամկետի ավարտից հետո նա վերադարձավ իր նախկին աշխատանքին:

Հիմա իրավիճակը նույնությամբ կրկնվում է: ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենց օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա, որ իրենք արդեն պատասխանել են իշխանություններին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ այն ԲՀԿ-ականները, որոնք նախարար կդառնան, կհեռացվեն կուսակցությունից: Չնայած այս հրապարակային հայտարարություններին, մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ակտիվորեն բանակցում է կառավարության ձևավորման հարցում իր մասնակցությունն ունենալու համար, և արդեն կան առաջին պայմանավորվածությունները:

ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երկու օր առաջ իր մերձավոր շրջապատին ավետել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ Սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը: Ղազարյանը ոչ միայն ՀԱՕԿ աշխատակից է, այլ նաև ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող Սպորտի հանձնաժողովի նախագահը: Սա կուսակցական բավական բարձր պաշտոն է: ԲՀԿ-ն ունի այդպիսի 11 հանձնաժողով, որոնք ղեկավարում են կուսակցության առանցքային դեմքերը. օրինակ՝ Քաղաքական կուսակցությունների հետ համագործակցության հարցերի հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Վարդան Օսկանյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը Ռոզա Ծառուկյանն է:

Կարդացեք նաև

Ըստ 168.am-ի աղբյուրների՝ Գաբրիել Ղազարյանն արդեն հանդիպել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և նրա հետ քննարկել իր ապագա նախարարական գործունեության հետ կապված հարցեր:

Ըստ այս սցենարի՝ Գաբրել Ղազարյանը նախարար նշանակվելուց հետո կհեռացվի ԲՀԿ-ից, որպեսզի Նաիրա Զոհրաբյանը կարողանա ասել, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ է: Սա շատ ծանր հարված կլինի Ղազարյանի համար, և նա գուցե հայտարարի, որ շատ է ափսոսում կուսակցության նման հապճեպ կայացրած որոշման համար, բայց ցանկանում է իր ուժերն ու եռանդը ներդնել հայրենի սպորտի վերելքի և երիտասարդությանը հուզող խնդիրների լուծման գործում: Եվ երբ այս ամենը կավարտվի, բոլորը կհասկանան, որ ԲՀԿ-ն հերթական անգամ գործարքի մեջ մտավ իշխանության հետ՝ շարունակելով կիսաընդդիմադիր-կիսաիշխանություն՝ իր վարքագիծը: Եվ եթե այս սցենարն իրականանա, բոլորի համար պարզ կլինի, թե ինչու էին ՀՀԿ-ականները հայտարարում, որ պետք չէ շտապել և միանշանակ ասել, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու: Թերևս, նրանք այս մասին գիտեին Սերժ Սարգսյանի և Ծառուկյանի հանդիպումից հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս