Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը ռեկորդային է եղել 2013 թվականի ֆինանսական տարում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում ֆինանսական տարին ավարտվել է (31.03.2014) երկրի պատմության ընթացքում արտաքին առևտրի խոշորագույն դեֆիցիտով՝ 13.75 տրիլիոն իեն (ավելի քան 134 միլիարդ դոլար):
Այս մասին հայտնել է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը: Ներկայիս դեֆիցիտը խոշորագույնն է՝ սկսած 1979 թվականից, երբ Ճապոնոիայում տվյալ վիճակագրությունը սկսեցին հաշվել ներկայիս կանոններով:
Նախորդ տարվա համեմատ՝ արտահանումն աճել է 10.8 տոկոսով և հասել է 70.86 տրիլիոն իենի (ավելի քան 691 միլիարդ դոլար): Ներկրումն իր հերթին աճել է 17.3 տոկոսով՝ կազմելով 84.61 տրիլիոն իեն (825 միլիարդ դոլար):
Ներկրման աճն առաջին հերթին կապված է մեծ ծավալի հեղուկացված բնական գազի ու ջերմաէլեկտրակայանների համար այլ վառելանյութի գնման հետ: Դա իր հերթին կապված է 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո երկրի բոլոր ատոմակայանների աշխատանքի կանգի հետ: