Բոլոր ժողովուրդներն ունեն այնպիսի պահեր, երբ որոշվում է նրանց ճակատագիրը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զարգացումները՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը շարունակվի նման կերպ, ապա Ուկրաինան կկորցնի ամեն ինչ, իսկ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի.

«Խլելով Ղրիմը՝ յուրաքանչյուր ուկրաինացուց խլեցին եկամուտների 25 տոկոսը: Այնտեղ կա գազ, զբոսաշրջային պոտենցիալ, որն ամբողջովին իրացված չէ: Իրականում ձեզանից արդեն խլում են ողջ Արևելյան Ուկրաինան:

Դժվար է նայել նրան, որ պատերազմից առաջ ձեր զորահրամանատարն իր զինվորներին պատմում է, թե որքան հզոր է ռուսական բանակը, որ նրա դեմ պատերազմելն անիմաստ է: Ձեզ արդեն ողջ աշխարհն է գործի անցնելու կոչ անում, այդ թվում նաև պացիֆիստները:

Եվրոպայի ամենամեծ երկիրը մասնատում են, և եթե այսպես շարունակվի, ապա դուք կկորցնեք ամեն ինչ, սակայն Պուտինը կանգ չի առնի: Բոլոր ժողովուրդներն ունեն այնպիսի պահեր, երբ որոշվում է նրանց ճակատագիրը:

Եթե 2008 թվականին ես հրաման չարձակեի ռուսական բանակին դիմադրություն ցույց տալու մասին, ապա այսօր մենք չէինք ունենա ո՛չ մայրաքաղաք, ո՛չ էլ պետություն: Ուկրաինայի հետ համեմատ՝ մեր տասնյակ անգամ ավելի փոքր բանակն ամեն դեպքում որոշեց դիմադրել:

Ես տանել չեմ կարողանում պատերազմը, սակայն մենք փրկեցինք Վրաստանի պետականությունը: Եվ եթե իշխանական մարմինները չեն կարող գործել մինչև վերջ, ապա պետք է այդ հնարավորությունը տալ ժողովրդին: Ես շատ ընկերներ ունեմ Արևելյան Ուկրաինայում, որոնց բացարձակապես մեծամասնությունը հայրենասեր է:

Մարդկանց հնարավորություն տվեք պաշտպանելու պետությունը, որովհետև Դոնեցկում 20 մարդ գրոհով գրավել է պետական շենք: Դա խայտառակություն է: Ինչպե՞ս հնարավոր է 20 մարդով գրավել պետության համար կարևոր շենքը»:

Տեսանյութեր

Լրահոս