Բաժիններ՝

Սիրիայի ու Իրաքի քրդերի միջև առաջացել է «փոսային ճգնաժամ» (տեսանյութ)

Hürriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսի ու Սիրիայի հյուսիսի քրդերին կարող է բաժանել 17 կիլոմետր երկարությամբ փոսը, որի ստեղծման մասին որոշում է կայացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը: Վերջինս իր այդ որոշումը պատճառաբանել է Սիրիայից զինյալների ու մաքսանենգների ներթափանցումն ինքնավարության տարածք կանխելով:

Իրաքի քրդերը վստահեցնում են, որ այդ փոսը նախատեսված է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման ու մաքսանենգների ներթափանցումը կանխելու համար:

Սակայն Սիրիայի քրդական շրջաններում գերակայող «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) դատապարտել է Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների գործողությունները: Սիրիայի քրդերը՝ որպես բողոքի նշան, ապրիլի 12-ին փակել էին Իրաքի հետ սահմանային անցակետը, ինչը մարդկանց կուտակումներ էր առաջացրել սահմանին:

Հյուսիսային Իրաքի քրդերի բանակի՝ Փեշմերգայի ներկայացուցիչը հայտարարել է, որ 17 կիլոմետր երկարությամբ, 2 մետր խորությամբ և 3 մետր լայնությամբ այդ փոսը հանդիսանում է Սիրիայի հետ 600 կիլոմետր երկարությամբ սահմանի պաշտպանության վերաբերյալ իրաքյան կառավարության ռազմավարության մի մասը:

Սակայն Սիրիայի քրդաբնակ Ջիզրե շրջանի (որն ավելի վաղ հայտարարել էր իր ինքնավարության մասին) օրենսդիր ժողովի նախագահ Հեքեմ Քելոն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին սկսել է փոս փորել, որվհետև չի կարողացել իր կամքը թելադրել Սիրիայի քրդաբնակ շրջաններին: Բարզանիի այդ գործողությունները դատապարտել է նաև Թուրքիայում գործող քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս