«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» նախապայմաններ է ներկայացրել Կիևին
Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպես կոչված «Դոնեցկյան ժողովրդական հանրապետությունը» չի ճանաչում ապրիլի 17-ին Ժնևում անցկացված քառակողմ բանակցությունների արդյունքներով ստորագրված համաձայնագիրը:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «հանրապետության» առաջնորդներից Դենիս Պուշիլինը. «Կիևն արդեն իսկ չի պահպանում Ժնևյան կոնֆերանսի որոշումը: Կես ժամ առաջ նրանք արդեն առևանգել են մեր ակտիվիստ Լեոնիդ Բառանովին: Նրանք հրաժարվում են զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի տարածքից և այդպիսի պայմաններում անհնար է խոսել զիջումների մասին:
Փոխզիջման մասին խոսելուց առաջ Կիևը պետք է ազատի գրաված շենքերը, զինաթափի ապօրինի միավորումները՝ Ազգային գվարդիան ու «Աջ սեկտորը», ազատ արձակի քաղբատնարկյալներին: Կիևը պետք է նախևառաջ անցկացնի սահմանադրական բարեփոխում: Միայն այդ ամենից հետո ենք մենք պատրաստ երկխոսության»: