Արծվիկ Մինասյանը դրական է համարում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը՝ սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ, դրական քայլ է, նաև նոր վարչապետի առաջին քայլերից է, ինչը ևս դրական է: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սակայն անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ էլ ձեռնարկել, մասնավորապես՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պատուհանը փակել: Ըստ նրա՝ սա նվազագույնն է, որ ակնկալվում էր այս փուլում, իսկ առավելագույնն այն կլիներ, որ նաև ՍԴ որոշումից հետո առ ոչինչ ճանաչված բոլոր փոխանցումներն ու ֆոնդերի ընտրությունները հետ դարձնեն քաղաքացիների կամահայտնության դաշտ, և այժմ թույլ տրվի քաղաքացիներին, որպեսզի իրենք ընտրությունը կատարեն, ոչ թե պարտադրված լինեն այդ գործողությանը գնալ:
Դիտարկմանը, որ ինչքան էլ սեղմ ժամկետում օրինագիծը մշակվի ու հաստատվի, ապրիլի 20-ը հաշվետվությունների ներկայացման վերջին ժամկետն է և գոնե այս ամիս տույժերից խուսափել չի հաջողվի, Ա.Մինասյանը պատասխանեց, որ չեն կարող այս ամիս տուգանքի ենթարկվել նախ այն պատճառով, որ ապրիլի 2-ին է ՍԴ-ն որոշումը հրապարակել, իսկ դրանից առաջ չկատարումների, չփոխանցումների համար որևէ մեկն իրավունք չունի տուգանքի ենթարկել (գործում էր ՍԴ որոշումը):
«Երկրորդ՝ ապրիլի 2-ին հրապարակված որոշման կատարումը տուգանքների տեսքով կարող է տեղի ունենալ միայն մայիս ամսվա աշխատավարձերի հաշվարկման ժամանակ, բայց ես ակնկալում եմ, որ առաջիկա քառօրյայում կառավարության հետ համատեղ կաշխատենք, որովհետև քառյակն էլ նախագիծ ունի, և վարչապետն էլ այդ ցանկությունը հայտնել է, համատեղ քննարկում կիրականացնենք և միասնական լուծման կգանք»,- ասաց Ա.Մինասյանը: