
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Յանուկովիչին մեղադրել է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացնում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախառչենկոյի ու Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյի նկատմամբ:
Նրանց մեղադրում են նախնական դավադրությամբ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ, որի գործունեությունն այս տարվա փետրվարի 20-ին հանգեցրել է մարդկանց զանգվածային զոհվելուն: Բացի այդ, եռյակին մեղադրում են Ուկրաինայի Անվտանգության ծառայության ու ՆԳՆ-ի ներքին զորքերին զինծառայողներին դրա կազմում ընդգրկելու մեջ:
Այդ ամենի համար քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով (ահաբեկչական ակտ, որը հանգեցրել է մարդկանց զոհվելուն): Ներկայումս ընթանում է հանգամանքների պարզում: Ընդգծվում է, որ Վիկտոր Յանուկովիչի դեմ արդեն իսկ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ մասնավորապես սահմանադրական կարգը տապալելու մասին կոչերի համար: