Ժնևյան քառակողմ հանդիպման տապալման դեպքում իր խոսքը կասի Ուկրաինայի ժողովուրդը. Տիմոշենկո
ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ, ներկայումս Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ եթե այսօր Ուկրաինայի վերաբերյալ կայանալիք ժնևյան քառակողմ հանդիման ժամանակ չգտնվի երկրի իրավիճակի կայունացման որոշումը, ապա իր խոսքը կասի Ուկրաինայի ժողովուրդը:
Տիմոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները Ժնևյան հանդիպումից ակնկալում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ռազմական ու տնտեսական ճնշման դադարեցման մասին միջազգային ամուր պայմանավորվածությունների ձեռք բերում.
«Եթե չլինի այդ որոշումը, ապա իր խոսքը կասի Ուկրաինայի ժողովուրդը: Ուկրաինացիները պատրաստ են զենքը ձեռքներին պաշտպանել իրենց հողը: Սակայն Ուկրաինան չի ցանկանում պատերազմ»:
Տիմոշենկոն կարծում է, որ Ժնևյան հանդիպման օրակարգում գտնվում է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցած անվտանգության ու խաղաղության համաշխարհային ողջ ճարտարապետության ճակատագիրը: