Դ. Հարությունյան. Այն մարտահրավերները, որ կան երկրի առջև, թերևս, լավագույնը կարող է լուծել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատում ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողովում ձեռք բերած փորձը: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դ. Հարությունյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ճիշտ ընտրություն է կատարել: Իսկ հարցին՝ արդյո՞ք Հ. Աբրահամյանն ավելի լավ վարչապետ կլինի, քան Տիգրան Սարգսյանը, նա պատասխանեց՝ դա ցույց կտա կյանքը:

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խնդիրները և այսօր այն մարտահրավերները, որ կան երկրի առջև, թերևս, լավագույնը կարող է լուծել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը»,- ասաց Դ. Հարությունյանը:

Ըստ նրա` որևէ փոփոխություն չի լինում կտրուկ, իսկ աշխատելաոճի փոփոխություն սպասվում է, քանի որ տարբեր մարդիկ են, տարբեր լուծումներ են տեսնում:

Դ. Հարությունյանը նշեց, որ կառավարության ձևավորման հետ կապված 20 օր ժամանակ կա, ուստի ինքն առաջ ընկնել չի ցանկանում: Հարցին` հնարավո՞ր է կարդային ջարդ կառավարությունում, Դ. Հարությունյանը պատասխանեց, թե՝ որպես կանոն վարչապետն իր թիմն է ձևավորում, բայց խոսքը վերաբերում է նույն կուսակցությանը, յուրաքանչյուրի աշխատանքը վերագնահատվելու է:

Կարդացեք նաև

Դ. Հարությունյանը նշեց, որ քաղաքական ուժերին առաջարկություններ արվել են, և խորհրդակցությունների մասնակիցներն իրենց որոշումը պետք է կայացնեն կոալիցիայի մասին:

«Կուսակցությունը թեկնածու առաջադրել է խորհրդակցությունների արդյունքում: Բազմաթիվ թեկնածուներ քննարկվել են»,- հավաստիացրեց Դ. Հարությունյանը` չմասնավորեցնելով, թե ում թեկնածությունն է քննարկվել:

Տեսանյութեր

Լրահոս