Համաժողովն ակտուալ է՝ այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում. Վահագն Խաչատրյան
«Նման համաժողովներում հետաքրքիր է նորություներ լսել, նոր մտքեր, գաղափարներ, որ այսօր շատ ավելի ակտուալ է` այսօրվա այս ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, առավելևս, ես տեղյակ եմ, որ ոչ միայն Հայաստանը ներկայացնող տնտեսագետներ և մասնագետներ են մասնակցելու, այլև արտերկրի, նախկին Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ, որոնք այս ճանապարհը մեզնից շուտ են անցել՝ շուտ դուրս գալով խորհրդային միության գոտուց, տնտեսական ընդհանուր համակարգից, դարձել են ԵՄ անդամներ: Հետաքրքիր է լսել իրենց տեսակետները՝ ինչ խնդիրներ են ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով վաղը քառյակի հրավիրած տնտեսական համաժողովի մասին:
Թե ի՞նչ արդյունավետություն կունենա համաժողովը և արդյոք հնարավոր կլինի՞ ծրագրային առաջարկները կյանքի կոչել, ըստ Վ.Խաչատրյանի, դա կախված կլինի այն մարդկանցից, ովքեր իրենց վրա նման պատասխանատվություն կվերցնեն և նոր ձևավորվելիք իշխանությունից:
«Մեր հիմնական ծրագիրը՝ 100 քայլը, որ ներկայացվել է տարիներ առաջ, մեր մոտեցումները չեն փոխվել: Գուցե ճշգրտումների կարիք կա, բայց այն, ինչի մասին խոսում էինք 3 տարի առաջ, դա կա, ոչինչ չի փոխվել: Ես նկատի ունեմ իշխանության կողմից վարված տնտեսական քաղաքականությունը: Հիմնական շեշտադրոմը՝ մրցակցության բացակայությունն է: Եվ ամենակարևորը, որ իշխանությունը չի փորձում որևէ կերպ ապահովել դա, և որը կբերի նաև մենաշնորհների դեմ պայքարում հաջողության, նույն տնտեսական և հասարակական կյանքում օրենքի գերակայության խնդիրն է: Համաժողովոմ մեր հարցադրումները կամ ներկայացվելիք թեմաների ուղղությունները կլինեն նաև գյուղատնտեսության, բանկային, կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ»,- ասաց Վ.Խաչատրյանը: