Լուրջ բանավեճային քննարկում է լինելու. Մ.Մելքումյանը՝ քառյակի տնտեսական համաժողովի մասին
Վաղը՝ ապրիլի 12-ին, Ծաղկաձորում կայանալու է 4 ոչ իշխանական ուժերի տնտեսական համաժողովը, որին հրավիրված են նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Ինչպես 168.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախատեսվում է քառյակի կողմից սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային մոտեցումների քննարկում, որին կմասնակցեն նաև հանրապետությունում ճանաչված տնտեսագետներ, իրավաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, նաև շատ ճանաչված մասնագետներ արտերկրից՝ Սլովակիայից, Լատվիայից, Չեխիայից նախկին նախարարներ՝ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ներկա կլինեն ԵՀՄՖ ներկայացուցիչները և այլ հյուրեր:
«Ավելի լուրջ բանավեճային քննարկում է լինելու, թե ինչպես ենք պատկերացնում երկիրը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից դուրս բերելը: Տնտեսական բարեփոխումների մասով առաջին հերթին ՀՀ-ն պետք է լինի ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ վերջնական նպատակը լինելու է ժողովրդի բարեկեցության աճը: Տնտեսական աճի ցուցանիշներով չենք սահմանափակվում, այլ տնտեսական իրական զարգացում է պետք: Այսինքն՝ խնդիր ենք դնում ոչ թե ՀՆԱ-ի X աճի, որ ոչ մի բան չի տալիս, այլ տնտեսական և սոցիալական զարգացման ապահովման խնդիր ենք դնում»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ համաժողովի արդյունքը կորոշի քննարկման ձևաչափը, իսկ ծրագրային մոտեցումների ամփոփումից հետո պարզ կլինի հետագա անելիքը: