Միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու. Տրայան Հրիսթեա
«Մենք քաջ գիտակցում ենք, որ միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու ու, մեր խորին համոզմամբ, դրանց արդյունավետության համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ձգտելով ավելի հեշտացնել և կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ՀՀ սահմանների համալիր կառավարման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ:
Ըստ նրա՝ Հարավային Կովկասում սահմանների կառավարման ծրագրի շրջանակներում ԵՄ կողմից աջակցություն կտրամադրվի դեպի Բագրատաշեն ձգվող էլեկտրական ցանցի, գազատարի, օպտիկական մանրաթելային ցանցի կառուցապատման աշխատանքների իրականացման հարցում, նաև ԵՄ-ն կօժանդակի համապատասխան սարքավորումների և տեղեկատվական տեխնոգոլիաների համակարգերի ձեռքբերմանը, որոնք, Հրիսթեայի կարծիքով, կնպաստեն ՀՀ սահմանին մեկ պատուհանի ներդրմանը. «Մեկ պատուհան համակարգի լիակատար ներդրման արդյունքում հնարավոր կլինի դյուրինացնել մաքսային հսկողության ընթացակարգերը՝ բացառելով գործառույթների կրկնությունը»:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սարքավորումների տրամադրում ՀՀ և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 4 միլիոն 300 հազար եվրո: Այն նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշեն և Սադախլո անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշեր, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի ու տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի դյուրացմանը: