Freedom House-ի նախագահն Արևմուտքին կոչ է արել Ուկրաինայում թույլ չտալ եգիպտական ձախողված հեղափոխության սցենարի կրկնում
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դևիդ Կրամերը Կիևում տեղի ունեցած անվտանգության 7-րդ ֆորումի ժամանակ Արևմուտքի երկրներին կոչ է արել Ուկրաինայում թույլ չտալ եգիպտական ձախողված հեղափոխության սցենարի կրկնություն.
«Մինչ այս ես Կահիրում եղել եմ 2011 թվականի հունվարյան իրադարձություններից հետո, երբ մոտ 1100 մարդ սպանվեց անվտանգության ուժերի կողմից, ուր եգիպտացիներն իրենց երկրի համար նույնպես փնտրում էին ավելի լավ ապագա: Նրանք զոհեր տվեցին, սակայն հեղափոխությունը գողացվեց նրանցից:
Եգիպտոսում արդեն իսկ գոյություն չունի մարդու իրավունքների պահանջ և այդ իրավունքների նկատմամբ հարգանք: Մենք դա չպետք է թույլ տանք Ուկրաինայում, որը գտնվում է Եվրոպայի սրտում և հանդիսանում է առանցքային ասպեկտ Արևմուտքի համար:
Արևմուտքը պատասխանատու է Ուկրաինային քաղաքական, տնտեսական, ֆինանսական, խորհրդատվական, ռազմական օգնություն ցուցաբերելու, հետախուզական տվյալներով փոխանակվելու համար, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն և հետ մղել այն սպառնալիքն ու ագրեսիան, որն իրենցից ներկայացնում են Պուտինն ու Ռուսաստանը»:
Կրամերը կարծում է, որ Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի դեպքում Արևմուտքը չի կարող մնալ մի կողմ քաշված վիճակում: Կրամերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Ռուսաստանի հանդեպ պետք է ավելի հեռու գնան, քան պատժամիջոցներն են.
«Եկել է վճռականություն ցուցաբերելու ժամանակը, և Արևմուտքը պետք է լիակատար համերաշխություն հայտնի Ուկրաինայի պաշտպանությանը՝ Պուտինի ստեղծած սպառնալիքի առջև: Մենք չպետք է ընդունենք Ղրիմի բռնակցումը ո՛չ դե-ֆակտո, ո՛չ էլ դե-յուրե»: