
Հովիկ Աբրահամյանը չի նշանակվի վարչապետ. հավանական է ոչ ՀՀԿ-ական թեկնածուի նշանակումը

168.am-ի՝ ռուսական քաղաքական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից: Դրա պատճառների թվում նշվում է այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ապագա կառավարության ձևավորման հարցում պայմանավորվածության գալ ԲՀԿ-ի հետ: Ըստ նույն աղբյուրների, նոր վարչապետի պաշտոնում նշանակվելու է մինչև օրս ամենաքիչ քննարկված ու ամենապակաս հավանական համարվող թեկնածուներից մեկը՝ ոչ ՀՀԿ-ից:
Թե կոնկրետ ով՝ մեզ չհաջողվեց պարզել: Այսինքն՝ թեև այս օրերին տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ամեն ինչ անում է ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի համար ընդունելի թեկնածու նշանակելու համար, սակայն բացառված չէ, որ իրականում նոր վարչապետ դառնա մեկը, ում ԲՀԿ-ում և ՀԱԿ-ում ամենաշատը չէին ուզենա տեսնել այդ պաշտոնում:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ չնշանակվելու լուրն ուրախությամբ է ընկալվել նաև ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցություններում: ՀԱԿ և ԲՀԿ անդամները մտահոգված էին, որ եթե վարչապետ դառնար Հովիկ Աբրահամյանը, իրենք կաշկանդված կլինեին կառավարությանը քննադատելու հարցում, և իրենց ընդդիմադիր կերպարը կասկածի կենթարկվեր: Մինչդեռ, ցանկացած այլ տարբերակի դեպքում, նման խնդիր չի առաջանա: