Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր քայլ դարձավ խաղաղության գործընթացում. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Ուորլիքի խոսքերով՝ հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն լարվածության նվազեցմանը և փոխեն հռետորիկան՝ բանակցությունների համար լավ պայմաններ ստեղծելու համար: Ուորլիքը հավելել է, որ վերջին օրերին զինծառայողների զոհվելու ու վիրավորների դեպքերը վկայում են, որ դա վտանգավոր հակամարտություն է, որում «չկան» հաղթողներ:

Ուորլիքն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ու նրա բոլոր ինստիտուտները աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համանախագահների ջանքերին. «Տարածաշրջանում գրանցված իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծեցին այդ աշխատանքի կարևորությունը:

Կողմերը պետք է օգտվեն այդ պահից, որպեսզի ձեռնարկեն վճռական քայլեր խաղաղության գործընթացում առաջընթացի հասնելու ուղղությամբ: Այդ քայլերը կարող են կապված լինել վստահության ստեղծման, ժողովրդական դիվանագիտության հաստատման, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու միջոցների հետ:

Համանախագահները պատրաստ են ցուցաբերել ամեն տիպի օգնություն: Մեր չեզոքությունը շատ կարևոր է այդ գործընթացի համար: Համանախագահները կանոնավորապես այցելում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և շարունակելու են իրենց այցերը, որոնք բացառիկ հնարավորություն են իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ Ուորլիքն ընդգծել է, որ նախագահները համաձայն են հետագայում բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու անհրաժեշտության հետ. «Մենք փորձում ենք օգնել նրանց՝ հասնելու համար հանդիպման անցկացման ժամկետի ու վայրի շուրջ համաձայնությանը, սակայն դա կախված է նրանցից:

Նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում տեղի ունեցած նախագահների հանդիպումը կարևոր քայլ դարձավ խաղաղության գործընթացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք մոտ ժամանակներս այն հարցերի քննարկումը շարունակելուն, որոնք բարձրացվել էին այդ հանդիպման ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս