Բաժիններ՝

Իտալացի ծովայինները վերջին 4 օրում Միջերկրական ծովում փրկել են մոտ 6000 աֆրիկացի ներգաղթյալի. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալացի ծովայինները վերջին 4 օրում փրկել են մոտ 6000 աֆրիկացի ներգաղթյալի, որոնք լեփ-լեցուն նավակներով դրեյֆել են Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի ու Կալաբրիայի ափերի մոտ:

Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը: Նա մանրամասնել է, որ այդ անձանց մոտ 40 նավով հասցրել են իտալական տարբեր նավահանգիստներ:

Ֆլեմինգի խոսքերով՝ տարեսկզբից սկսած, ընդհանուր առմամբ փրկվել է 18.000 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ՝ տասնյակ անգամ ավելի շատ է. «Մենք ակնկալում ենք, որ այդ թվերը կշարունակեն աճել, քանի որ ներկայիս իրավիճակը հանդիսանում է ժամանակակից աշխարհում մեծ քանակությամբ հակամարտությունների արտացոլանք, որոնք էլ մարդկանց հարկադրում են գնալ վտանգավոր նավարկության»:

Փախստականների թվում կան բազմաթիվ երեխաներ ու կանայք: Նրանք հիմնականում եկել են հակամարտություն ունեցող երկրներից՝ Լիբիա, Սիրիա, Էրիթրեա, Սոմալի, Նիգերիա, Գամբիա, Մալի ու Սենեգալ: 2013 թվականին Իտալիայի ափերի մոտ փրկել են 43.000 մարդու, որոնցից 11.300-ը կազմել են սիրիացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս