Բարգավաճ Հայաստանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին. Zham.am
Քիչ առաջ Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես գրում է Zham.am-ը, նախագահի հետ քննարկումը հիմնականում ընթացել է չորս հարցերի շուրջ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ԲՀԿ օրակարգում չկա կոալիցիա մտնելու հարց, քանզի ԲՀԿի համար երբևէ ինքնանպատակ չի եղել պաշտոններ զբաղեցնելու հարցը: ԲՀԿ-ի համար առաջնային նպատակ է շարունակում մնալ երկրի զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև ազգաբնակչության կյանքի որակի բարելավման ապահովումը:
Նախագահի մոտ քննարկվել է նաև Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ հարցը: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումն առ այն, որ կուսակցությունը սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա ենբազմաթիվ չլուծված խնդիրներ: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը: