Լյուդմիլա Սարգսյանը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Չե՞ք տեսնում, որ այստեղ շատ մեծ բլեֆ կա»

«Սերժ Սարգսյանի ասածից ծիծաղս եկել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան (ՎՍԴՀԿ) կուսակցության ատենապետ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահի այսօրվա հայտարարությունը:

«Ըստ այդ հայտարարության` ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կողմ չի կառավարման խորհրդարանական համակարգին, և իր կամքին հակառակ կայացվել է նման որոշում` ներկայացվել է նման նախագիծ, և եթե այդ նախագիծը հանկարծ հաստատվի, ինքը, բնական է, որ նախագահ չի դառնա, ապա վարչապետ էլ չի ուզում դառնալ: Դուք չե՞ք տեսնում, որ այստեղ շատ մեծ բլեֆ կա,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Լ. Սարգսյանը համոզված է, որ երկրի կառավարման համակարգի հնարավոր փոփոխությունը Սերժ Սարգսյանի ցանկությամբ է. «Այսօր մեր երկրում ամեն ինչ Սերժ Սարգսյանի ցանկությամբ է կատարվում, առավել ևս` եթե ինքը կողմ չլիներ «սահմանադրական բարեփոխումներին», ապա այդ հանձնաժողովը հաստատ չէր ստեղծվի: Եվ ավելի, քան վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքի քարտեզը գծվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ապահովի իր վարչապետությունը` նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո: Եվ նրան ոչինչ չի խանգարելու, որ 6 ամիս անց մոռանա այն խոսակցության մասին, որն այսօր տանում է, և շատ մեծ ուրախությամբ ստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, եթե դա իրեն հաջողվի և թույլ տրվի»:

Մենք նաև մեջբերեցինք Սերժ Սարգսյանի խոսքը, որ «Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այս մտքին` Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Այն, որ դա կարևոր է, միանշանակ է, բայց ոչ Սերժ Սարգսյանի համար: Իր կողմից հնչած յուրաքանչյուր արտահայտություն ուղղակի վիրավորական է մի երկրի համար, որտեղ ժողովրդավարությունը ոտնահարված է մինչև վերջ և իր շնորհիվ: Այնպես որ` խորհուրդ եմ տալիս ավելի շատ հավատալ ինձ, քան Սերժ Սարգսյանին»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և հանդիպման ընթացքում անդրադառնալով նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակին` մասնավորապես հայտարարել է.

«Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Տեսանյութեր

Լրահոս