
Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 2.2 միլիարդ դոլար. ՌԴ էներգետիկայի նախարար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 9-ի դրությամբ, Ռուսաստանին Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 2 միլիարդ և 238 միլիոն դոլար:
Այս մասին Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Ընդգծվել է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նովակի խոսքերով՝ ռուսական վարկը ստանալու ժամանակ Ուկրաինայի պարտքը կազմել է 1 միլիարդ և 450 միլիոն դոլար: Նովակը մանրամասնել է, որ Ուկրաինան սկզբունքորեն չի վճարել նախորդ տարվա նոյեմբերի ու դեկտեմբերի մատակարարումների դիմաց, պարտատոմսերի միջոցով վճարել է հունվարի և մասամբ փետրվարի մատակարարումները:
Նովակն ընդգծել է, որ Ուկրաինան ոչինչ չի վճարել մարտի մատակարարումների (մոտ 2 միլիոն խորանարդ մետր) դիմաց, ինչը կազմում է 526.1 միլիոն դոլար: Նովակն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ չնայած այս տարվա առաջին եռամսյակին Ուկրաինայի համար նվազեցվել է ռուսական գազի գինը, սակայն միևնույն է՝ Ուկրաինան դարձյալ չի վճարել գազի մատակարարման դիմաց: