
Օբամայի թիկնապահներին արգելել են ալկոհոլ օգտագործել աշխատանքին նախորդող 12 ժամում

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների անվտանգության համար, խստացրել է ալկոհոլ օգտագործելու կանոններն իր աշխատակիցների համար:
Այժմ գործակալներին արգելվել է սպիրտային խմիչքներ օգտագործել ծառայության սկսվելուն նախորդող 12 ժամվա ընացքում, իսկ եթե նրանք պետք է ուղեկցեն այց իրականացնող Բարաք Օբամային, ապա ալկոհոլի օգտագործումն արգելվել է 24 ժամ առաջ: Նշվում է, որ այս տարվա մարտին Օբաման այցելել էր Նիդերլանդներ, և այցի ժամանակ տուն է ուղարկվել Գաղտնի ծառայության 3 գործակալ:
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ հյուրանոցի անձնակազմը նրանցից մեկին հայտնաբերել էր անգիտակից վիճակում բազմոցին պառկած: Գործակալը հարբած է եղել: Նրա ծառայակիցներին նույնպես պատժել էին որպես հանցակիցների, քանի որ նրանք չէին խոչընդոտել կարգապահության խախտմանը: Մարտին գրանցվել էր ևս մեկ միջադեպ, երբ Օբաման գտնվում էր Ֆլորիդայում: Այստեղ Գաղտնի գործակալության հարբած գործակալներն ընկել էին ավտովթարի մեջ: