
Խարկովի ոստիկանության անձնակազմի 30 տոկոսը կհեռացվի աշխատանքից. Ավակով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը մտադիր է աշխատանքից հեռացնել Խարկովի ոստիկանության անձանակազմի 30 տոկոսին՝ կապված Խարկովի զանգվածային անկարգությունների հետ: Ավակովն այս մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում.
«Խարկովյան «Բերկուտը», ինչպես և ողջ խարկովյան ոստիկանությունը կարիք ունի նոր մոտեցման: Ես երեկ հաստատեցի, որ ոստիկանության զգալի մասը ոչ այնքան ծառայել է Հայրենիքին, որքան որ խափանել է գործընթացը: Եվ այդ փաստը կարիք ունի իմ արձագանքի: Ես կարծում եմ, որ Խարկովի ոստիկանության 30 տոկոսը հեռանալու է, իսկ նրա տեղը կբերվի այլ ոստիկանություն»:
Ավակովը հավելել է, որ անկարգությունների վերացման ժամանակ եղել են նաև ոստիկաններ, որոնք հակաահաբեկչական գործողության ժամանակ իրենց դրսևորել են որպես իսկական հայրենասերներ, պատրաստ՝ ծառայելու Հայրենիքին:
Ապրիլի 6-7-ին Խարկովում ագրեսիվ տրամադրված և ռուսամետ կարգախոսներով երիտասարդների խումբը գրավել էր մարզային վարչակազմի շենքը և կոշտ ծեծի ենթարկել Ուկրաինայի միասնության համար հանրահավաքի մասնակիցներին: Ականատեսների վկայությամբ տեղի ոստիկանությունը գործնականում չէր խոչընդոտել այդ ամենին: