
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ռազմանավերն ուղարկվել են Միջերկրական ծով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի շրջանում Ռուսաստանի ռազմածովային խմբավորումը գլխավորելու է Հյուսիսային նավատորմի «Պյոտր Վելիկի» ատոմային հրթիռակիր հածանավը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոռոլևը.
«Ներկա դրությամբ Հյուսիսային նավատորմի ռազմանավերի երկու խմբավորում առաջադրանքներ է իրականացնում Միջերկրական ծովում, դրանք գլխավորում է «Պյոտր Վելիկի» հածանավը և «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրային հածանավը»:
Նա ընդգծել է, որ Սիրիայի շրջանում գործող նավախումբը, որն ունի նաև խոշոր դեսանտանավեր, գլխավորելու է հենց «Պյոտր Վելիկին»: Կոռոլևի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Միջերկրական ծովում մարտական ծառայության մեջ է Հյուսիսային նավատորմի 12 ռազմանավ և նավ: