Դոկու Ումարովի գործունեությունը չեզոքացված է. ՌԴ ԱԴԾ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) չեզոքացրել է «Կովկասի իմարաթ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դոկու Ումարովի գործունեությունը:
Այս մասին Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը. «Իրականացված օպերատիվ-մարտական աշխատանքի արդյունքում չեզոքացվել է «Կովկասի իմարաթ» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ումարովի գործունեությունը:
2014 թվականի առաջին եռամսյակին անցկացվել է հակաահաբեկչական 33 գործողություն, ինչի արդյունքում ոչնչացվել է ավազակային խմբերի 36 ղեկավար և 65 ակտիվ անդամ: Բացի այդ, ահաբեկչություններ են բացահայտվել Վոլգոգրադում ու Պյատիգորսկում»:
Գործակալությունը նշում է, որ Ումարովի ոչնչացման մասին տեղեկությունները վերջին տարիներին մամուլում հայտնվել է մոտ 10 անգամ, որոնցից վերջին դեպքը՝ այս տարվա մարտին: