Բաժիններ՝

Միջբուհական մարզական խաղեր՝ 5 մարզաձևից

Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը: Դրանք անցկացվում են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Գառնիկ Ցուցույանը, 2-րդ տեղում էր Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ուսանող Բորիս Կառակոզովը, իսկ երրորդ հորիզոնականում՝ նույն բուհի ուսանող Էդգար Պապյանը։

Երեկ տեղի ունեցան նաև սեղանի թենիսի մրցումները: Մրցավար Մեսրոպ Ղուկասյանը տեղեկացրեց, որ միջբուհական խաղերին մասնակցող թենիսիստները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, սակայն բավականին լավ են խաղում։ Նա նկատեց, որ սեղանի թենիսը Հայաստանում տարածված մարզաձև է, վայելում է մեծ մասսայականություն։

Այս մարզաձևում առաջինը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը ներկայացնող Սերյոժա Մկրտչյանն էր, երկրորդ տեղում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանող Պատվական Մաթևոսյանն էր, երրորդում՝ Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ազատ Չախոյանը։

Այսօր միջբուհական մարզական խաղերում իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ին կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը:

Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս