Առաջիկա նախագահական ընտրություններն ունենալու են հատուկ նշանակություն. Էրդողան
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններն ունենալու են հատուկ նշանակություն: Էրդողանի խոսքերով՝ այդ ընտրություններից հետո երկրում փոխվելու է ամեն ինչ:
Էրդողանն ընդգծել է, որ նախագահի թեկնածուներ պետք է լինեն նրանք, ովքեր սերտ կապեր ունեն ժողովրդի հետ: Էրդողանը, սակայն, չի հայտնել, թե ով կլինի նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող (Էրդողանի գլխավորած) կուսակցության թեկնածուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխող կուսակցության թեկնածուն կլինի հենց Էրդողանը, իսկ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կդառնա երկրի վարաչապետ: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարել է, որ թուրքական ընդդիմությունը նախագահական ընտրություններին գնալու է միասնական թեկնածուով:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: