ԵՄ-ը կարող է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարից և նախապատվությունը տալ Ադրբեջանից եկող գազատարին. Բառոզու
The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանին պատժելու է «Հարավային հոսք» գազատարի նախագծի սառեցմամբ: Այս մասին բուլղար քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ը մոտ է նրան, որպեսզի սառեցնի «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքներն ավարտելու պլանը: Այդ նախագիծը գնահատվում է 50 միլիարդ դոլար և դրա սառեցումը կարող է հանդիսանալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանին տված առաջին լուրջ պատիժը՝ կապված Ղրիմի բռնակցման հետ:
Նշվում է, որ Բառոզուն Բուլղարիայից պահանջել է չհակազդել «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործման նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությանը: Բառոզուն միաժամանակ Բուլղարիային խնդրել է տվյալ հարցում պահպանել մեծ զգուշավորություն:
Բառոզուն հայտարարել է, որ «Հարավային հոսք» գազատարի փոխարեն Եվրոպայի համար կարող է առաջնահերթ դառնալ Ադրբեջանից Իտալիա ձգվող գազատարի նախագիծը (նկատի է առնվում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան), «Անդրանատոլիական» (TANAP) և «Անդրադրիատիկ» (TAP) գազատարները – 168.am):