
Այսօր վճռվում է Ուկրաինայի պետականության գոյության կամ կործանման հարցը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում մարդիկ չեն ցանկանում գնալ պատերազմի, սակայն անհրաժեշտ է գործել, որպեսզի պատերազմն ինքը չգա նրանց մոտ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«Ինչպես դիպուկ նկատել է վարչապետ Յացենյուկը, Ռուսաստանն իրականացնում է ներխուժման պլան: Այժմ արևելյան շրջանների բնակիչները պետք է իրենց զգան չափազանց անպաշտպան՝ տեսնելով, թե ինչպես են սադրիչները զավթում կառավարական շենքերը:
Այսօր կամ վաղն արդեն իսկ պետք է ակնկալել զինված սադրանքներ, այդպիսի պահին շատ վտանգավոր է թուլություն ցուցաբերելը, քանի որ այդ թուլությունը կարող է Ռուսաստանին մղել գործելու: Պետք է հիշել, որ առանց արտաքին լուրջ աջակցության, Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի կանխել հետագա հակամարտությունը»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այսօր վճռվում է Ուկրաինայի պետականության գոյության կամ կործանման հարցը, ինչի համար էլ անհրաժեշտ են վճռորոշ գործողություններ, քանի որ հապաղումը հավասարազոր է կործանման: