Բաժիններ՝

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հեռացվում է ռուսական եթերից

Golos-ameriki.ru-ի փոխանցմամբ՝ Россия сегодня գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը նամակ է հղել ԱՄՆ-ի հեռարաձակման հարցերով ղեկավար խորհրդին (Broadcasting Board of Governors, BBG), որն ի թիվս այլոց համակարգում է «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների աշխատանքները:

Նամակում Կիսելյովն իրազեկել է, որ կասեցվում է ավելի վաղ ստորագրված պայմանագրի գործունեությունը, որն առնչվում է Մոսկվայում 810-րդ հաճախականությամբ «Ամերիկայի ձայնի» հեռարձակմանը: Կիսելյովն ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել BBG-ի հետ:

Դրանով իսկ Ռուսաստանի կառավարությունը վերացրեց Մոսկվայում «Ամերիկայի ձայնի» վերջին ռադիոծրագիրը, որը հեռարձակում էր անգլերենով ու ռուսերենով նորություններ, ինչպես նաև անգլերենի ուսուցման դասընթացներ: BBG-ի ղեկավար Ջեֆ Շելը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ ուղի է որդեգրել՝ որոշելով սահմանափակել խոսքի ազատությունը:

BBG-ը Կիսելյովին ու ռուսական իշխանությունների այլ ներկայացուցիչների կոչ է արել ռուսական եթերը բացել ամերիկյան և միջազգային ԶԼՄ-ների ծրագրերի համար: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը կարծում է, որ Մոսկվայում «Ամերիկայի ձայնի» ռադիոհեռարձակման մասին պայմանագրի չերկարաձգման մասին որոշումը կայացրել է ոչ թե Դմիտրի Կիսելյովը, այլ՝ Կրեմլը, որ դա քաղաքական որոշում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս