Բաժիններ՝

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենը՝ «Россотрудничество»-ից

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին: Մրցույթի արդյունքում՝  այդ պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը, որի անունը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին ոչինչ չի ասում: Սոցիալական ցանցերում և մասնավոր զրույցներում բոլորը ցանկանում են հասկանալ՝ ո՞վ է նա և ի՞նչ կապ ունի մշակույթի հետ ընդհանրապես:

Ի դեպ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրենի կենսագրությունը ՀՀ Մշակույթի նախարարության կայքէջում չգտանք: Նրա մասին մենք տեղեկատվություն ստացանք «Россотрудничество» ֆեդերալ գործակալության  կայքէջից: Եվ այսպես, Ա. Արզումանյանը ծնվել է 1972թ.: 1995թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը: 1995-97թթ. ծառայել է բանակում: 1997-99թթ. աշխատել է ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունում՝ որպես  միջազգային բաժնի պետի տեղակալ: 1999-2001թթ. եղել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի օգնականը: 2001-2002թթ. եղել է Ռուսաստանի Արտգործնախարարությանն առընթեր «Росзарубежцентр»-ի աշխատակից:

2002-2005թթ. աշխատել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) գործող Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2005-2008թթ. Եգիպտոսում  աշխատել է Ռուսաստանի արտգործնախարարությանն առընթեր «Росзарубежцентр»-ի՝ ներկայացուցչի տեղակալ, Ալեքսանդրիայում գործող Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն:
2009թ. հունվարից Եգիպտոսում  «Россотрудничество» ֆեդերալ գործակալության ներկայացուցչի տեղակալն է, Ալեքսանդրիայում  Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրենը: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Տիրապետում է անգլերեն լեզվին:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր: Տնօրենի թեկնածուներից էին ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, մեներգիչներ Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, կոմիտասագետ, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը, Կամերային երաժշտական տան տնօրեն Արման Ծատուրյանը, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և վերոնշյալ Անդրանիկ Արզումանյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, օրեր առաջ Yerkir.am-ի հետ զրույցում Ա. Արզումանյանն իր մասին ասել էր, որ թեև Հայաստանում չի ապրում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ կապը խզել է: «Ամեն տարի 1-2 ամսով Երևան եմ եկել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ  շուրջ 10 տարի եղել է Եգիպտոսում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավարը:

«Ճիշտ է, ոչ Հայաստանում, սակայն մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունեմ: Ես վերադարձա Հայաստան` անձնական-ընտանեկան պատճառներով, և կոչ եմ անում բոլոր հայերին` վերադառնալ Երևան: Ես տեղյակ եմ նաև Օպերայի խնդիրների մասին, գիտեմ, որ խմորումներ կան, հեշտ չի լինելու, սակայն կարևորը համախմբվելն է, ընտանիք դառնալը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իր մեջ տեսնում է Օպերային թատրոնը ղեկավարելու ուժ: Այնուհետև  անդրադառնալով լրատվամիջոցի հարցին, թե Օպերային թատրոնի տնօրեն կարող է դառնալ այն անձը, ով ՀՀ քաղաքացիություն ունի, Արզումանյանը հավաստիացրել է, որ ինքը երկքաղաքացի է, հետևաբար՝ ունի ՀՀ քաղաքացիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս