ՀԱԿ-ը համաձայն է «Ժառանգության» հետ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես տեղեկացրել ենք, այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի:
168.am-ը Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱԿ-ը համաձա՞յն է համագործակցության ներխորհրդարանական սահմաններն ընդլայնել մինչև միջկուսակցական ֆորմատով համագործակցության:
Ի պատասխան Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե ինքը որևէ խնդիր այս հարցում չի տեսնում, ապա նշեց. «Մենք քառյակի շրջանակներում արդյունավետ համագործակցություն ենք տանում և որևէ խնդիր չկա, որ քառյակը հանգի այն պայմանավորվածություններին, որոնց նպատակահարմար է համարում: Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մեր գործընկեր «Ժառանգությունը» հարց բարձրացնի և մենք այն չքննարկենք, համապատասխան լուծումների չհանգենք: Որևէ հարց ու խնդիր չկա, որը քառյակի համար քննարկելի չդառնա»:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցության հայտարարության այն հատվածին, որ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլի համար առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ, այստեղ ՀԱԿ-ի և «Ժառանգության» կարծիքները համընկնում են:
Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ նույն օրը, երբ պարզ դարձավ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ՀԱԿ-ը տարածեց հաղորդագրություն՝ երկրորդ փուլի, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացի մասին:
«Անմիջապես հրաժարականից հետո Կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ առաջին փուլը ավարտվել է, և քանի որ կուսակցություններն էլ շահարգրգռված են հասնել աբողջական իշխանափոխության, հիմա ժամանակն է սկսել այդ գործըթնացը: Ես ուրախ եմ, որ նույն կերպ մտածում է նաև «Ժառանգությունը»»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք համակարծի՞ք եք «Ժառանգության» հետ այն հարցում, որ երկրորդ փուլի գործընթացները պետք է քննարկեն չորս կուսակցությունների ղեկավարները, ուստի առաջին դեմքերի մակարդակով հանդիպումն անհրաժեշտություն է, ՀԱԿ անդամը պատասխանեց, թե իրենք միշտ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ այդ հարցը քննարկել ցանկացած ֆորմատով: