Նաիրա Զոհրաբյանը` ադրբեջանցի պատվիրակներին. «Այլասերված ֆանտազիան էլ պետք է սահման ունենա»
«Այլասերված ֆանտազիան էլ պետք է սահման ունենա»,- Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր մեկնարկած Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանին այսպես արձագանքեց ադրբեջանցի երկու պատվիրակների` Հուսեյնովի և Փաշաևայի ելույթներին:
Ադրբեջանի պատվիրակության անդամները ելույթները հիմնականում նվիրված էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանցի փախստականների խնդրին: Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևան հայտարարեց, թե «վերջերս հայկական զինված ուժերը սկսել են պարբերաբար խախտել զինադադարը, դիպուկահարները սկսել են կրակել քաղաքացիական անձանց վրա, և 9 օր առաջ հայ զինծառայողը վիրավորել է սահմանամերձ բնակավայրերից մեկի բնակչին»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում խոսեց սիրիական Քեսաբ բնակավայրում տեղի ունեցած դեպքերին: Հայ պատգամավորն ընդծեց, որ տեղի ունեցածը հերթական մարդկային ողբերգության օրինակ է, և կան անհերքելի փաստեր, որ Ալ-Կաիդա ծայրահեղական խմբավորման հետ կապված զինյալ ուժերը Քեսաբ են մտել Թուրքիայի տարածքից:
«Նաև կան տեսանյութեր, թե ինչպես են ծայրահեղականները հատում թուրք-սիրիրական սահմանը, և թուրք զինվորները ոչ միայն չեն խոչընդոտում նրանց, այլև օգնում են: Ծայրահեղականները պղծել են հայկական եկեղեցիները, թալանել և ոչնչացրել են հայերի տները: Հայկական բնակչությունը ստիպված լքել է Քեսաբը: Եվ Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները, թե իբր իրենք ոչինչ չգիտեն այդ մասին, թյուրքիզմի հերթական հնարքն է… Հարգելի գործընկերներ, քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած բռնություն անընդունելի է` անկախ ռասսայական և ազգային պատկանելիությունից: Մեր վեհաժողովը պետք է միանշանակ գնահատական տա տեղի ունեցող դեպքերին: Մեկ տարի անց կլրանա Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի: Ես նաև առաջարկում եմ անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ, որպեսզի մեր գործընկերները կարողանան տեղում գնահատել իրավիճակը և ձեռնարկեն օպերատիվ քայլեր»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ն. Զոհրաբյանը Քեսաբի մասին հարց էր ուղղել ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցին: