
Սաակաշվիլիի կուսակցությունը երկրում մշակում է «Եվրամայդանի» սցենարներ. Վրաստանի ՆԳՆ

Prime Time թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն անդրադարձել է Վրաստանում իրավիճակի հնարավոր ապակայունացման խնդրին.
«Ազգային շարժումը (Սաակաշվիլիի կուսակցությունը) մշակում է «Եվրամայդանի» սցենարներ: Գոյություն ունի տեղեկատվություն, որ այդ նպատակով նա արդեն իսկ սկսել է անվադողեր կուտակել:
Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը պայմանավորված էին նրանով, որ այնտեղ իշխանությունը հրաժարվեց ժողովրդավարական ու եվրոպական արժեքներից, ինչը չի կարելի ասել Վրաստանի պարագայում:
Ընդհակառակը, հունիսին մենք ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, ինչը մեզ էլ ավելի կմերձեցնի Եվրոպայի հետ: Մեզ մոտ իսկապես նախադրյալներ չկան «ուկրաիանական մայդանի» համար:
Հայտնի է, որ նախկին նախագահը հնչեցրել է «Եվրամայդանի» գաղափարը, այդ թեման ակտիվորեն քննարկվում է կուսակցության ներսում: Պլանավորված է ստեղծել հանցագործներից բաղկացած հատուկ խմբեր, որոնք կփորձեն երկրում առաջացնել անկարգություններ, ինչն արվում է սեփական քաղաքական շահերն ամրապնդելու համար:
Կա տեղեկատվություն, որ այդ սցենարները գործի կդրվեն ՏԻՄ ընտրություններից հետո, սակայն չի բացառվում նաև, որ դրանք իրագործվեն նաև մինչ այդ»:
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին: