Աֆղանստանում նախագահական ընտրությունների օրը զինյալները 690 հարձակում են ձեռնարկել ընտրատեղամասերի վրա
Ariana TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աֆղանստանի ավելի քան 7 միլիոն բնակիչ քվեարկել է այս տարվա ապրիլի 5-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 58 տոկոս, ինչը գերազանցել է փորձագետների ակնկալիքները:
Կանայք կազմել են ընտրողների 35 տոկոսը, ինչը կրկնակի գերազանցել է 2009 թվականի ցուցանիշը: Չնայած զինյալների սպառնալիքներին ու վատ եղանակին, արդեն կեսօրվա դրությամբ, ընտրատեղամասեր էր այցելել ավելի քան 3.5 միլիոն մարդ:
Ընտրությունների օրը գրանցվել է ընտրատեղամասերի վրա զինյալների 690 հարձակում: Զինյալները կիրառել են հրաձգային զենք, պայթուցիկ սարքեր, իրականացրել են հրթիռակոծում: Հարձակումներում ներգրավվել են նաև մահապարտ-ահաբեկիչները:
Չնայած այդ ամենին՝ հաջողվել է խուսափել խոշոր ահաբեկչություններից: Աֆղանստանի ՊՆ-ի մամլո քարտուղար, գեներալ Զահիր Ազիմին հայտարարել է, որ ընտրությունների օրը սպանվել է 164 և վիրավորվել է 82 զինյալ: Աֆղանստանի զինված ուժերի կորուստները կազմել են 7 սպանված և 45 վիրավոր:
Ընտրությունների օրը ելնելով անվտանգության նկատառումներից՝ Աֆղանստանում հարկադրված են եղել փակել 211 ընտրատեղամաս, միևնույն ժամանակ 6212 ընտրատեղամաս շարունակել է գործել պլանավորված ռեժիմով:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 24-ին: Աֆղանստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ: