
Հայտնի է դարձել Եգիպտոսում նախագահի աթոռին երրորդ հավակնորդի անունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի աթոռին երրորդ հավակնորդի անունը հայտնի է դարձել երեկ: Մայիսի 26-27-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է իրավաբան Մուրտադա Մանսուրը:
Նա ծրագրել է այդ ընտրություններում մրցակցել Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և նասերական Համդին Սաբբահիի հետ, որոնք համարվում են հիմնական թեկնածուներ: Ներկայումս Եգիպտոսի ԿԸՀ-ն իրականացնում է թեկնածուների գրանցման գործընթացը:
Դա հաջող անցնելու համար նախագահի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 25.000 ստորագրությամբ թերթիկ: Գրանցումը տևելու է մինչև ապրիլի 20-ը, ինչից հետո պաշտոնապես կհայատարարվի ընտրական մրցավազքի բոլոր մասնակիցների մասին:
Մուրտադա Մանսուրը Կահիրեում հայտնի հասարակական գործիչ է: Նրա նախագահական ծրագիրը կենտրոնացած է լինելու Եգիպտոսի միջազգային դիրքի վերականգնման ու ամրապնդման, ինչպես նաև երկրի ներսում կենսական չափորոշիչների բարելավման, ահաբեկչության վերացման վրա: