Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ «Ժառանգությունը» վարչապետի թեկնածու չի առաջադրի

«Ժառանգություն» կուսակցությունում ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու հնարավորությունը չի քննարկվել: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարին, ապա Մարտիրոսյանը ևս հստակ դիրքորոշում չհայտնեց՝ պատճառաբանելով, որ նախ պետք է պարզ դառնա դրա բովանդակությունը:

«Առանց բովանդակային քննարկման` խոսել ազգային համաձայնության կառավարության մասին, ճիշտ չէ: Ինչի՞ շուրջ է լինելու այդ ազգային համաձայնության կառավարությունը, ի՞նչ խնդիրներ է իր առջև դնելու: Եթե այն նոր արտահերթ ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքներին է ծառայելու, ապա դա այլ թեմա է, իսկ եթե այն նպատակ ունի իշխանությունը երկարաձգել, դա բոլորովին այլ խնդիր է: Դրա համար որևէ դիրքորոշում արտահայտելու վերաբերյալ պետք է հասկանանք՝ ինչի՞ համար է այն ստեղծվում:

Յուրաքանչյուր ազգային համաձայնության կառավարություն իրենից ենթադրում է որոշակի պորտֆելների վերաբաշխում, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե ինչի շուրջ է լինելու, ինչ խնդիր է լուծելու այն: Դրա համար վերացական մեկնաբանել այդ գաղափարկը, ճիշտ չէ»,- նշեց նա:

Ա. Մարտիրոսյանը կարծիք հայտնեց նաև, որ «Ժառանգությունը» վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի: Ըստ նրա՝ խաղի նույն պայմաններում անգամ ընդդիմադիր վարչապետն է ընդունելու այդ խաղի կանոններն ու փոփոխություններ տեղի չեն ունենալու:

Կարդացեք նաև

«Այս իրավիճակում, կարծում եմ, որ դա անիմաստ բան է: Եթե խաղի տրամաբանությունը չի փոխվելու, եթե նույն մեծամասնությունն է մնալու, եթե նույն նախագահն է մնալու, կոռուպցիոն մեխանիզմները, փակ տնտեսությունը… իմաստը ո՞րն է: Մեզ համար ընդունելին ամբողջական իշխանափոխությունն է, արմատական բարեփոխումները, որովհետև մենք ոչ մեկ անգամ ենք ասել, որ վարչապետի փոփոխությունը երկում ոչինչ չի կարող փոխել, քանի դեռ կա մեծամասնությունը, դե ֆակտո նախագահությունը:

Պարզ է, որ նոր վարչապետը լինելու է նախորդի պես: Տիգրան Սարգսյանը՝ որպես մասնագետ, շատ բարձր էր, հրաշալի կրթություն ուներ, տիրապետում էր ընդհանուր պրոցեսներին, ինքն իր առջև խնդիրներ էր դրել: Բայց քանի որ ինքը չէր որոշողը, այլ մեծամասնությունն ու դե ֆակտո նախագահությունը, արդյունքում համակերպվեց խաղի կանոններին, որոնք գործում են: Խաղի կանոններն է պետք փոխել և ոչ թե վարչապետի անձը կարևորել»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին, թե՝ անգամ ընդդիմադիր վարչապե՞տն է խաղալու Սերժ Սարգսյանի խաղի կանոններով, նա դրական պատասխան տվեց. «Բա հենց այդ ենք ասում, ասում ենք, որ համակարգի խնդիր է, անձի խնդիր չէ, անձը էական չէ. Հայաստանում կա ոչ լեգիտիմ իշխանություն, որն աշխատում է սեփական շահերի համար, կա համակարգ, որը միտված է մոնոպոլ տնտեսության համար, ուստի վարչապետի անձը գեր-գեր կարևորելն անիմաստ է»:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ քննարկելու համար նոր կառավարության կազմը: Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք նմանատիպ հարց չենք քննարկել, բայց կարծում եմ, որ նման հանդիպում դժվար թե լինի»:

Երբ հարցրինք թե՝ ինչո՞ւ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Գուցե սխալ եմ կարծում, բայց ես այդպես եմ կարծում: Նման հրավեր չի եղել, առաջարկ չի եղել, ոչ էլ քննարկում է եղել՝ հանդիպե՞ն, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս