Ուիլյամ Հեյգը ԵՄ-ին առաջարկել է պատրաստել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երրորդ մակարդակը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը կարծում է, որ եվրոպական երկրները չպետք է թուլացնեն զգոնությունը, քանի որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նախկինի նման մնում է վտանգավոր:
Ելնելով դրանից` Հեյգն առաջարկում է սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ (տնտեսական) փուլի նախապատրաստությունը` գտնելով, որ դրա պատրաստ լինելու դեպքում ԵՄ-ը կարող է օպերատիվ արձագանքել իրավիճակի զարգացմանը:
Հեյգը նկատել է, որ Ռուսաստանը դեռ ոչ մի կերպ հետ չի քաշել իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից, թեև այդ մասին շատ են խոսակցությունները, և հետևաբար իրենք չեն տեսնում Ռուսաստանի կողմից իրավիճակի իրական ապաէսկալացում:
Հեյգի խոսքերով` ԵՄ-ը նաև կարող է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը` էլ ավելի ընդլայնելով դրանք: Նա կարծում է, որ պատժամիջոցներն արդեն իսկ որոշակի բացասական ազդեցություն ունեցել են Ռուսաստանի վրա: