Վարչապետի փոփոխությունը քաղաքացիների վրա բացարձակապես չի ազդի. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիրը գրում է.
Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ եւ վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, եւ ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական (կոռուպցիոն) լծակներին՝ նո՞ւյնը, թե՞ մի քիչ ուրիշը:

Թեեւ այդ ամենը բավականին հետաքրքիր է, այնուամենայնիվ՝ դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես չի ազդի: Իհարկե, շատ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, որ իրենց կյանքը կախված է նրանից, թե ինչպիսի՞ն է նրանց վարչապետը կամ կառավարությունը՝ շնորհքո՞վ է, թե՞ ապաշնորհ, ՀՀԿ-ի՞ց է, թե՞ ԲՀԿ-ից, «օֆշորայի՞ն է», թե՞ «ոչ օֆշորային»: Բայց դա ընդամենը պատրանք է:

Ես շարունակում եմ պնդել, որ անկախ նրանից՝ հաջորդ կառավարությունը կլինի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, քոչարյանական, տեխնիկական («արհեստավարժ»), թե «ազգային համաձայնության» (Նոյի տապանի նման՝ ամեն մի տեսակից՝ մի զույգ), դրանից մեր քաղաքացիների կյանքը ոչ էապես կլավանա, ոչ էլ կվատանա: Խնդիրը վարչապետի կամ կառավարության մեջ չէ, խնդիրն այն է, որ ամբողջ կառավարման համակարգը քրեածին է, ստեղծված է կոռուպցիայի, թալանի համար:

Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն այն չի կարող փոխել՝ նրանք ստիպված կլինեն անել մոտավորապես նույնը, ինչ որ անում էր ներկայիս կառավարությունը, եւ ինչ-որ անում էին նախորդ կառավարությունները՝ արժանանալով ժողովրդի բողոքներին ու անեծքներին:
Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը խիստ անտարբեր է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ:

Այդ հիմնական զանգվածը սպասում է, որ որեւէ մեկը նրանց կկերակրի կամ, ծայրահեղ դեպքում, նրանց համար աշխատատեղ կստեղծի: Եթե այդ աշխատատեղը գողանալու հնարավորություն է ստեղծում, նրանք գոհ են (չնայած մի քիչ փնթփնթում են)՝ այդպիսի աշխատատեղ է փոքր ու մեծ պետական պաշտոնը: Եթե գողանալու հնարավորություն չկա, նրանք մեղադրում են իշխանություններին, որը «էս ժողովրդի մասին հեչ չի մտածում», նախանձով եւ ատելությամբ են լցվում հարուստների նկատմամբ եւ, հնարավորության դեպքում, «թռնում են» Հայաստանից: Մարդիկ իրենց չեն զգում Հայաստան պետության քաղաքացի՝ սա է քրեածին համակարգի բուն պատճառը:

Կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930