Էրդողանը ապրիլի 4-ին կժամանի Բաքու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Էրդողանը մեկնելու է Ադրբեջան, ինչը կհանդիսանա երկրում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո նրա առաջին արտասահմանյան այցը:
Էրդողանն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է ժամանելու ապրիլի 4-ին և հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով գտնվել է ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի իշխող (Էրդողանի գլխավորած) «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) տարած հաղթանակի կապակցությամբ Էրդողանին առաջինը շնորհավորողների թվում:
Հանդիպման ժամանակ Էրդողանն ու Ալիևը քննարկելու են քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Ընդգծվում է, որ ներկա դրությամբ Բաքվում է գտնվում Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, որի ադրբեջանական այցը տևելու է մինչև ապրիլի 4-ը, այսինքն մինչև Էրդողանի ժամանելը: